Ազդարարները «գործ տվողներ» չեն․ նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են

23.06.2023
Ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։
Ի՞նչ է ազդարարումը
Ազդարարումը ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է իրավասու անձին կամ մարմին։
Սա սահմանված է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով։
Ո՞վ է ազդարարը
Ազդարարը ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը նշված օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
Ազդարարման ի՞նչ տեսակներ կան


Հաշվի առնելով ազգային մենթալիտետը, այս երևույթի նկատմամբ մարդիկ հաճախ բացասական կարծիք են ունենում։ Անգամ եղել են դեպքեր, երբ օրենսդրական մակարդակում որևէ փոփոխություններ կատարելու քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր՝ նշելով, թե «ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ» և պետք չէ «գործ տալ»։
Iravaban.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպիցիոն քաղաքակնության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը նշեց ազդարարման համակարգի կարևորության մասին։
«Ազդարարներն այն անձիք են, որոնք հայտնում են կոռուպցիոն դեպքերի մասին, այսինքն՝ տեղեկացնում են իրավապահ մարմիններին և հանրությանը, որպեսզի այդ խնդիրները վերացվեն։ Նրանք «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։ Պետությունը և հասարակությունը պետք է սատար կանգնի նրանց»,-ասաց Կարեն Զադոյանը։

Ազդարարել կարելի է նաև անանուն։
Հայաստանում քաղաքացիների ազդարարման համար մի քանի հարթակներ կան։
⇒ Դրանցից հիմնականը ՀՀ գլխավոր դատախազության կողմից գործարկվող Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակն է՝  azdararir.am-ը։
Այս հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազդարարը կարող է նաև անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի
Այս առումով, հարկ է նշել, որ անանուն ազդարարումը համարվում է ազդարարների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը, քանի որ վերջինս ապահովում է ազդարարների վստահությունը իրենց անձնական տվյալների պաշտպանության համար՝ հաշվի առնելով դրանց անհայտ լինելը ինչպես երրորդ անձանց համար, այնպես էլ պետական իրավասու մարմինների համար:

⇒ Ազդարարման մեկ այլ հարթակ է, հատկապես բիզնեսոլորտի ներկայացուցիչների համար, ԲիզՊաշտպանը՝ bizprotect.am-ը։
Այս հարթակում ևս, անձինք իրավունք ունեք իրենց հուզող բիզնես խնդիրների վերաբերյալ ինչպես բացահայտ, այնպես էլ անանուն անանուն կերպով հայտեր ներկայացնել: Քաղաքացու տրամադրած հայտը ամբողջությամբ կոդավորվում է: Բացի այդ, գործում են գաղտնիության հավելյալ երաշխիքներ Tor ինտերնետ բրաուզերով օգտվելու դեպքում. քաղաքացու համակարգչի IP հասցեն չի բացահայտվի, հետևաբար ոչ ոք չի կարողանա պարզել ձեր ինքնությունը:



⇒ Աշխատողների իրավունքների պաշտպանության համար էլ գործում է employeeprotect.am-ը։ Այն գործարկվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ հարթակը պատրաստվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Վերադառնալ ցանկ