1 . Ի՞նչ է իրենից ներկայացնում haytnir.am հարթակը (կայքը)
Haytnir.am հարթակը (կայքը) կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային ծառայողի շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների մասին ազդարարի կողմից ներկայացրած հայտերին (ազդարարումներին) արագ արձագանքելու և դրանք ըստ իրավասու մարմինների քննության ուղարկելու առցանց հարթակ է։ Այստեղ ապահովված է ներկայացված հայտերի պաշտպանության (անվտանգության) բարձր մակարդակ: Ծրագրերի համադրությունը ծածկագրում (կոդավորում) է ներկայացված տեղեկատվությունը և հետևաբար պաշտպանում է այն կողմնակի միջամտությունից: Հայտ ներկայացնողները կարող են անանուն հանդես գալ և հաղորդել վերը նշված առերևույթ իրավախախտումների կամ այդ իրավախախտումների վերաբերյալ ողջամիտ կասկածների վերաբերյալ տեղեկատվություն։
2 . Ինչպե՞ս է ստեղծվել haytnir.am հարթակը և ո՞ւմ կողմից է այն գործարկվում
Haytnir.am հարթակը ստեղծվել է «Ազդարարության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ։ Հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը պատկանում է Իրավաբանների հայկական ասոցիացիային: Հարթակը գործարկում է Իրավաբանների հայկական ասոցիացիան։
3 . Ո՞վ կարող է ներկայացնել հայտ
Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման, մասնավոր ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպել են կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիոն բնույթի դեպքերի, հանրային ծառայողների կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների, կամ ունեն վերը նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն։
4 . Ո՞ր դեպքերով կարող եմ ներկայացնել հայտ։ Որո՞նք են ազդարարման ենթակա դեպքերի շրջանակը haytnir.am հարթակում
Հայտ կարող եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպած ցանկացած կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի, հանրային ծառայողի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնի կամ անհամատեղելիության պահանջի կամ այլ սահմանափակման կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների վերաբերալ, կամ ունեք վերը նշված ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկատվություն։
5 . Ի՞նչ դեպքերով չեմ կարող ներկայացնել հայտ
Դուք չեք կարող ներկայացնել հայտ, եթե Ձեր հայտը չի առնչվում կոռուպցիոն ռիսկի կամ կոռուպցիոն դեպքի, կամ հանրային ծառայողի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնի կամ անհամատեղելիության պահանջի կամ այլ սահմանափակման կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների հարցերին (դեպքերին) և դուրս է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներից։ Նշյալ եզրույթներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կայքի «Իրազեկումներ» բաժնի
«Իրազեկումներ» ենթաբաժնում։ Այս շրջանակից դուրս ներկայացված դեպքերի վերաբերյալ հայտերին ընթացք չի ապահովվում։
6 . Ո՞ր տվյալներն են պարտադիր հայտ ներկայացնելու համար
Հայտ ներկայացնելու համար պարտադիր տվյալներն են՝ տեղեկատվություն և ամբողջական անվանում այն մարմնի կամ կազմակերպության կամ դրա իրավական կարգավիճակի կամ հանրային ծառայողի մասին, ում հետ հարաբերություններում ծագել է խնդիրը, մարմնի կամ կազմակերպության գործունեության վայրի հասցեն, haytnir.am հարթակում ազդարարման ենթակա դեպքերից ո՞րն է առևերույթ տեղի ունեցել, դեպքի վերաբերյալ համառոտ նկարագրություն և դեպքի առաջացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն:
Եթե հայտը վերաբերում է կոնկրետ հանրային ծառայողին, ապա վերը նշված տեղեկատվության հետ միաժամանակ պետք է նշել, թե որ մարմնում կամ կազմակերպությունում է աշխատում (պաշտոն զբաղեցնում) առերևույթ խախտում կամ այլ իրավախախտում թույլ տված հանրային ծառայողը։
Վերոնշյալ տեղեկատվության լրացումը բավարար է հայտը ավարտելու և ներկայացնելու համար:
7 . Ո՞ր տվյալները պարտադիր չեն հայտ ներկայացնելու համար, սակայն կարող եմ ներկայացնել
Հայտ ներկայացնելու համար ոչ պարտադիր տվյալներն են՝ դեպքը տեղի ունենալու ժամի, վայրի մասին մանրամասն տեղեկությունները, դեպքի մանրամասն նկարագրությունը, դեպքի մասին տեղեկանալու եղանակը։ Հայտին առավել արագ կերպով ընթացք տալու համար խորհուրդ է տրվում է կցել դեպքի վերաբերյալ վերաբերելի փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ապացույցներ: Բացի այդ, կարող եք նաև լրացնել Ձեր անձնական տվյալները (ներառյալ՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր, պաշտոն, կոնտակտային տվյալներ) և ներկայացնել հայտը, եթե չեք ցանկանում մնալ անանուն։
8 . Արդյո՞ք պարտադիր է ապացույցներ ներկայացնելը
Դեպքի կամ առերևույթ խախտումը կամ առերևույթ իրավախախտումը հավաստող փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ապացույցներ ներկայացնելը պարտադիր չէ, սակայն խրախուսվում է, քանի որ այն կնպաստի Ձեր հայտի քննությանը: Սակայն այն դեպքում, երբ վարչարարություն իրականացնելու համար կարիք կլինեն անհրաժեշտ նյութեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հայտի լուծման համար, և որոնք Իրավաբանների հայկական ասոցիացիան և/կամ իրավասու մարմինը կարող է ձեռք բերել միայն Ձեզանից, ապա լրացուցիչ ապացույցների ներկայացումը պարտադիր է։ Այս դեպքում, եթե հայտի ներկայացման ընթացքում դրանք չեն կցվում, և դուք Ձեր հայտը ներկայացրել եք ոչ անանուն եղանակով, ապա Իրավաբանների հայկական ասոցիացիան և/կամ իրավասու մարմինը կարող է կապ հաստատել Ձեզ հետ՝ այդ փաստաթղթերի հայցման նպատակով։ Հետևապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր է հայտը ներկայացնել անանուն կերպով, ինչի պարագայում Իրավաբանների հայկական ասոցիացիան և/կամ իրավասու մարմինը չի կարող Ձեզ հետ կապ հաստատել, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք ներկայացնել Ձեր տիրապետության ներքո գտնվող ցանկացած ապացույց։
9 . Արդյո՞ք ես ունեմ փաստաբանի կարիք
Փաստաբանի մասնակցությունը պարտադիր չէ։ Այդուհանդերձ, Ձեր հայեցողությամբ հայտի հետագա քննության ընթացքում կարող եք հանդես գալ ներկայացուցչի (փաստաբանի) միջոցով։
10 . Ինչպե՞ս է ապահովվում հայտի և հայտ ներկայացնող անձի անանունությունն ու գաղտնիությունը
Դուք կարող եք հայտ ներկայացնել haytnir.am ազդարարման հարթակին երկու եղանակով․ ձեր տվյալները ներկայացնելու (ինքնությունը բացահայտելու) եղանակով կամ անանուն եղանակով։
Գաղտնիության առավել պաշտպանություն ստանալու նպատակով խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել` թաքցնելով Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol (IP) Address): Գոյություն ունեն Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն թաքցնելու տարբեր եղանակներ, որոնք անվճար են և հասանելի են յուրաքանչյուրին: Դրանցից ամենատարածվածներն են ոչ ստանդարտ ցանցային դիտարկչի (browser) միջոցով ազդարարումը, որոնք ստեղծված են երրորդ անձանց չարտոնված մուտքից պաշտպանության նպատակով, օրինակ՝ «ՏՈՌ» (TOR) ցանցային դիտարկիչը։ Բացի այդ, այժմ որոշ ստանդարտ ցանցային դիտարկիչներ ևս հնարավորություն են տալիս թաքցնել Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ներկառուցված «ՎՄՑ»՝ «Վիրտուալ մասնավոր ցանց»-ի (VPN։ Virtual Private Network) կապուղու միջոցով՝ հավելյալ կարգավորումների կիրառմամբ: Այս տարբերակներով ներկայացված հայտերի պարագայում հնարավոր չի լինի պարզել Ձեր ինքնությունը, և կապահովվի Ձեր անանունությունը։ Կախված Ձեր օգտագործած օպերացիոն համակարգից՝ կարող եք ընտրել նշյալ տարբերակերից որևէ մեկը։ Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել
«Ինչպե՞ս թաքցնել Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol (IP) Address)» բաժնում:
Միաժամանակ, անկախ այն հանգամանքից, Դուք ընտրել եք Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ծածկագրելու եղանակով, թե՝ առանց ծածկագրելու անանուն եղանակով հայտ ներկայացնելու տարբերակը, մենք կպահպանենք Ձեր կողմից ներկայացված հայտի գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեր կողմից ներկայացված հայտը կներառի քրեորեն հետապնդելի արարքներ:
11 . Արդյո՞ք հայտ ներկայացնելը անվճար է
Այո: Մի շարք ոչ ստանդարտ ցանցային դիտարկիչներ (browser), օրինակ՝ «ՏՈՌ» (TOR) ցանցային դիտարկիչը նույնպես անվճար է և հասանելի յուրաքանչյուրին:
12 . Ի՞նչ է իրենցից ներկայացնում ստանդարտ ցանցային դիտարկիչը (browser) և ոչ ստանդարտ ցանցային դիտարկիչները (browser), օրինակ՝ «ՏՈՌ» (TOR)
Ստանդարտ ցանցային դիտարկիչը ցանկացած որոնողական համակարգ է, որտեղ համացանցային հաղորդակարգի (Internet Protocol Address-IP) հասցեն չի քողարկվում, և տվյալները չեն ծածկագրվում (կոդավորվում), ուստի հնարավոր է բացահայտել հայտ ներկայացող անձին։ Ստանդարտ ցանցային դիտարկիչներից է օրինակներից են՝ «Գուգլ Քրոմը» (Google Chrome), «Ֆայրֆոքսը» (Firefox), «Մայքրոսոֆթ Էդջը» (Microsoft Edge), «Օպերան» (Opera) և այլն։
Ոչ ստանդարտ ցանցային դիտարկիչները, օրինակ՝ «ՏՈՌ» ցանցային դիտարկիչը ստեղծված է երրորդ անձանցից պաշտպանության նպատակով, որը քողարկում է Ձեր համացանցային հաղորդակարգի (Internet Protocol Address-IP) հասցեն և ծածկագրում (կոդավորում) է տվյալները:
Միևնույն ժամանակ, որոշ ստանդարտ ցանցային դիտարկիչներ ևս հնարավորություն են տալիս թաքցնել Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ներկառուցված «ՎՄՑ»՝ «Վիրտուալ մասնավոր ցանց»-ի (VPN։ Virtual Private Network) կապուղու միջոցով՝ հավելյալ կարգավորումների կիրառմամբ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կայքի «Ինչպե՞ս թաքցնել Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol (IP) Address)» բաժնում:
13 . Ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի. դիմել անանո՞ւն, թե՞ հայտնել ինքնությունը
Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելությունները:
Անանուն դիմելու առավելությունը կայանում է նրանում, որ այս եղանակով ապահովվում է անանունությունն ու գաղտնիությունը, հետևաբար հայտ ներկայացնող անձի համար հայտի ներկայացումը չի կարող առաջացնել բացասական հետևանքներ, այդ թվում նաև՝ ենթարկվել վնասակար գործողությունների, ներառյալ՝ հնարավոր լարվածություն աշխատանքային միջավայրում։
Միևնույն ժամանակ, անունը հայտնելը խրախուսվում է, քանի որ այն կնպաստի ներկայացրած հայտի լուծմանը, մասնավորապես՝ հնարավոր կլինի նույնականացնել հայտ ներկայացնողին, կապ հաստատել վերջինիս հետ, ստանալ լրացուցիչ տեղեկություններ, որոնք կօգնեն հայտի արագ քննությանը։
14 . Ո՞ր դեպքերում կարող է բացահայտվել հայտ ներկայացրած անձի ինքնությունը
Հայտ ներկայացված անձի ինքնությունը կարող է բացահայտվել հետևյալ դեպքերում․
ա/ Եթե անձը կամովին ներկայացրել է անձնական տվյալներ։
բ/ Եթե անձը կամովին ներկայացրել է այնպիսի մանրամասն տվյալներ, որոնք ողջամտության սահմաններում կարող էր տիրապետել միայն ինքը, օրինակ նշել է կոնկրետ ժամը և պաշտոնատար անձի անունը, ում հետ խնդիր է առաջացել, այդ դեպքերում տրամաբանական է, որ պաշտոնատար անձը կարող է նույնականացնել հայտի հեղինակին և տվյալ օրը քաղաքացուն ծառայություն մատուցած դեպքը։
գ/ Եթե անձը քննարկել է իր կողմից հայտնած տեղեկատվությունը ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների կամ այլոց հետ, ապա առկա է ռիսկ, որ վերջիններս կարող են տարածել տվյալ տեղեկատվությունը և այն հանգամանքը, որ Դուք հայտ եք ներկայացրել:
15 . Կարո՞ղ եմ քննարկել իմ հայտը և դրանում պարունակվող տեղեկատվությունը ընտանիքիս անդամների, ընկերներիս, գործընկերներիս կամ այլոց հետ կա՞մ ասել վերջիններիս, որ հայտ եմ ներկայացրել
Հայտի ներկայացումը չի բացառում վերը նշված սուբյեկտների հետ քննարկումը, սակայն հաստատապես խորհուրդ է տրվում գաղտնի պահել հայտում և դրանում նշված տեղեկատվությունը, քանի որ հիշյալ անձինք կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ տարածել տվյալ տեղեկատվությունը և այն հանգամանքը, որ Դուք հայտ եք ներկայացրել։
16 . Ի՞նչ է նշանակում հայտ ներկայացնողի նկատմամբ վնասակար գործողություն և ինչպե՞ս պաշտպանել այդ գործողություններից
Վնասակար գործողությունը՝ գործողություն կամ անգործություն է, որով հայտ ներկայացնելու համար հայտատուին (ազդարարին) կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգևավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով:
17 . Ո՞վ է ստանում իմ կողմից ներկայացված հայտը
Ձեր ներկայացրած հայտը ստանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի սահմանափակ թվով մասնագետները և փորձագետները։ Հայտը քննության է առնվում այն փորձագետի կողմից, որը արագորեն կպատասխանի Ձեզ՝ ներկայացրած հայտի քննության նպատակով և հետագա քայլերի ձեռնարկման վերաբերյալ:
18 . Ինչպե՞ս է օգտագործվելու իմ կողմից ներկայացված հայտը
Մեր փորձագետները Ձեր կողմից ներկայացված հայտը քննության առնելուց հետո առերևույթ խախտումներ արձանագրելու դեպքում՝ դրանք կներկայացնեն իրավասու մարմինների քննարկմանը: Եթե ներկայացված տեղեկատվությունը իր մեջ պարունակում է առևերույթ հանցագործության հատկանիշներ, ապա հայտը կներկայացվի իրավապահ մարմիններին:
19 . Ո՞րն է հայտի քննությամբ զբաղվող իրավասու մարմինը
Haytnir.am հարթակով ստացված հայտերի քննությամբ զբաղվող իրավասու մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային կազմակերպությունները, հանրային նշանակության կազմակերպությունները, որոնց իրավասությունների և գործառույթների շրջանակներում է գտնվում հայտով ներկայացված հարցի (դեպքի) քննությունը։
20 . Ինչպե՞ս է փոխանցվելու ներկայացված հայտը իրավասու մարմիններին
Հայտը վերահասցեագրվում է այն իրավասու մարմին, որի իրավասությունների և գործառույթների շրջանակներում է գտնվում հայտով ներկայացված հարցի (դեպքի) քննությունը։
Ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտերը ներկայացվում են իրավապահ մարմիններ՝ այդ մասին տեղեկացնելով դիմողին։
21 . Ի՞նչ է նշանակում սուտ մատնություն
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի համաձայն՝ սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալն է։
22 . Արդյո՞ք իմ կողմից ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկատվության ներկայացումը կորակվի որպես սուտ մատնություն
Այն դեպքում, երբ հայտում ներկայացրած տեղեկությունը ճշգրիտ չէ և/կամ թերի է, ու իրենից չի ներկայացնում կեղծ տեղեկություններ (տե՛ս հարց 27), ապա հայտատուն (ազդարարը) չի ենթարկվի պատասխանատվության սուտ մատնության համար: Միաժամանակ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները կարող են հետադարձ կապ հաստատել հայտատուի հետ (այն դեպքում, երբ հայտը ներկայացվել է ոչ անանուն եղանակով) և խնդրել տրամադրել հայտի քննարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
23 . Արդյո՞ք կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կենթարկվեմ պատասխանատվության սուտ մատնության համար
Եթե հայտատուն (ազդարարը) գիտակցել է, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ապա վերջինս կարող է իրավապահ մարմինների կողմից ենթարկվել քրեական պատասխանատվության սուտ մատնության համար: Միաժամանակ, անանուն ազդարարման պարագայում սա կիրառելի կլինի այն դեպքում, եթե հայտը ներկայացվի առանց սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP address) թաքցնելու, որը հնարավորություն կտա բացահայտելու հայտատուի ինքնությունը: Միևնույն ժամանակ, Հայտնիր.am հարթակը խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ ցանկացած կեղծ տեղեկատվություն ներկայացնելուց կամ զրպարտելուց՝ անկախ նրանից, թե հայտը (ազդարարումը) ներկայացվում է անանուն, թե՝ ինքնությունը բացահայտելու եղանակով։
24 . Հայտը ներկայացնելուց որքա՞ն ժամանակ անց կարող եմ ստուգել հայտի կարգավիճակը
Հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն (ազդարարը) կարող է ստուգել հայտի կարգավիճակը, որով կպարզի հայտի ընթացքը։ Հետագա տեղեկատվություն ստանալու նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել հայտի կարգավիճակը, քանի որ կախված հայտի բնույթից և բարդության աստիճանից, կարող են լինել տարբեր ժամկետներ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն դեպքում, երբ ներկայացված հայտի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, ապա վարչական վարույթի իրականացման ժամկետը 30 օր է։
25 . Ներկայացված հայտի ընդունման դեպքում արդյո՞ք կտեղեկացվեմ հայտի հետագա կարգավիճակի մասին
Այո։ Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել «ստուգել հայտի կարգավիճակը» բաժինը։
26 . Արդյո՞ք ինձ հետ պաշտպանելու եք հետադարձ կապ
Հայտը ներկայացնելուց հետո, Դուք կստանաք ծածկագիր, որը պետք է օգտագործեք Ձեր հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով: Հորդորում ենք գաղտնի պահել այդ ծածկագիրը: Հայտի կարգավիճակը ստուգելու նպատակով պետք է այցելել
այստեղ և մուտքագրել Ձեր ծածկագիրը:
27 . Արդյո՞ք հետադարձ կապը պաշտպանելիս շարունակվում է պահպանվել իմ գաղտնիությունը
28 . Եթե ցանկանում եմ տրամադրել հավելյալ տեղեկատվություն, օրինակ ձեռք եմ բերել նոր ապացույց, ինչպե՞ս կարող եմ դա անել
Նոր տեղեկատվություն (օրինակ՝ նոր փաստաթուղթ կամ այլ ապացույց) ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է լրացնել հայտը։ Եթե հայտը ներկայացնելիս հայտատուն (ազդարարը) լրացրել է միայն պարտադիր բնույթի տեղեկատվությունը և ցանկանում է ավելացնել լրացուցիչ տեղեկատվություն, ապա հայտը լրացնելու հնարավորությունը կունենա հայտի կարգավիճակը ստուգելիս՝ ծածկագրով մուտք գործելու ժամանակ: Սակայն, եթե առաջնային ներկայացրած հայտի կարգավիճակը փակվել է, ապա անհրաժեշտ է կրկին հայտ ներկայացնել` ընդհանուր ընթացակարգով:
29 . Ի՞նչ է լինում հայտնած տեղեկության հետ, եթե Իրավաբանների հայկական ասոցիացիան միջոցներ չի ձեռնարկում դրա վերաբերյալ
Այն դեպքում, երբ ներկայացրած հայտը Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից փոխանցվում է իրավասու մարմնին, սակայն իրավասու մարմինը միջոցներ չի ձեռնարկում, ապա հայտատուն (ազդարարը) իրավունք ունի բողոքարկելու իրավասու մարմնի գործողությունը կամ անգործությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բողոքարկումը կարող է կատարվել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով՝ կախված հայտի բնույթից։ Վերադասության կարգով բողոքարկման ժամկետները, ինչպես նաև դատական ատյանի, հայցապահանջի և դատավարական ժամկետների որոշումը կախված է կոնկրետ իրավահարաբերության բնույթից։
30 . Որքա՞ն ժամանակ է պահպանվում ներկայացված տեղեկատվությունը
Հայտատուի (ազդարարի) կողմից ներկայացված տեղեկատվությունը կպահպանվեն մեր համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է կազմակերպության կողմից դրանցում բարձրաձայնված ազդարարումներին պատշաճ ընթացք տալու և համապատասխան ուսումնասիրությունը կատարելու նպատակներին հասնելու համար:
31 . Ինչպե՞ս է հարթակի միջոցով կատարվում հակակոռուպցիոն և ազդարարման ոլորտների իրազեկում
Haytnir.am հարթակի միջոցով կատարվում է հակակոռուպցիոն և ազդարարման ոլորտների իրազեկում, որի շրջանակներում ներկայացվում են ազդարարման ոլորտի օրենսդրական ակտերը, փոփոխությունները, լրացումները, նախատեսվող օրենսդրական նախագծերը: Հարթակը օգնում է նաև լինել իրազեկ ազդարարման համակարգի, ազդարարի իրավունքների և օրենքով սահմանված պաշտպանության միջոցների և երաշխիքների մասին։ Հանրության հետ կիսվում է աշխարհին հայտնի ազդարարների պատմություններով, որոնք օգնել են կոռուպցիայի դեմ պայքարին։ Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել
այստեղ։
32 . Ինչպե՞ս են հարթակի միջոցով կատարվում հակակոռուպցիոն և ազդարարման ոլորտների բարեփոխումներ
Հակակոռուպցիոն ոլորտում օրենսդրական բացերի և առկա խնդիրների վերաբերյալ Haytnir.am հարթակի միջոցով Ձեր կողմից տրամադրված տեղեկությունը (հայտը) օգնում է մեզ հատկորոշել փաստարկված բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների քննարկմանը։ Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել
33 . Ի՞նչ անել, եթե հայտը կամ տեղի ունեցած դեպքը վերաբերում է բիզնես ոլորտին
Այն դեպքում, երբ Ձեզ հանդիպած խնդիրը վերաբերում է բիզնես ոլորտին, ներառյալ՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ և թույլտվություններ, պետական գնումներ և այլն, ապա նույնությամբ կարող եք այցելել
https://bizprotect.am/ բիզնես ոլորտի առցանց ազդարարման հարթակ և հայտը ներկայացնել այս հարթակի միջոցով։
Բիզպաշտպան բիզնես ոլորտի առցանց ազդարարման հարթակը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Այս ազդարարման հարթակը հնարավորություն է տալիս բիզնեսի ներկայացուցիչներին հայտնել բիզնես ոլորտում հանդիպած կոռուպցիոն դեպքերի և այլ հարակից խնդիրների մասին՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Հարթակում ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով։
34 . Ի՞նչ անել, եթե հայտը կամ տեղի ունեցած խախտումը վերաբերում է աշխատանքային ոլորտին
Այն դեպքում, երբ Ձեզ հանդիպած խնդիրը վերաբերում է աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին, ապա նույնությամբ կարող եք այցելել https://employeeprotect.am/ աշխատանքային իրավունքների առցանց ազդարարման հարթակ և հայտը ներկայացնել այս հարթակի միջոցով։
Աշխատողների իրավունքների պաշտպանության
EmployeeProtect.am առցանց հարթակը գործարկվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը պատկանում է Իրավաբանների հայկական ասոցիացիային: Հարթակի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը: Հարթակում ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով։
35 . Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետության կողմից գործարկվող ազդարարման հարթակը
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակն է՝ https://azdararir.am/am/-ը։ Այն գործարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից։ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի և այլ իրավախախտումների մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ-ը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Հարթակում ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:
Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին: Ընդ որում, հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել: