Հայաստանի Հանրապետությունում գործում է ազդարարման երեք տարբեր հարթակներ, որոնց մասին հակիրճ ներկայացված են այստեղ։
Առաջինը՝
ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակն է, որը գործարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից։ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի և այլ իրավախախտումների մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ-ը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Այս առումով, հարկ է նշել, որ անանուն ազդարարումը համարվում է ազդարարների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը, քանի որ վերջինս ապահովում է ազդարարների վստահությունը իրենց անձնական տվյալների պաշտպանության համար՝ հաշվի առնելով դրանց անհայտ լինելը ինչպես երրորդ անձանց համար, այնպես էլ պետական իրավասու մարմինների համար:
Հարթակում ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Հարթակի այցելուներին հնարավորություն է տրվում ընտրելու անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով ազդարարման եղանակներից իրենց համար նախընտրելի տարբերակը, լրացնել համապատասխան դաշտերում ընտրված ազդարարման եղանակին համապատասխան տվյալները, ամրակցել հաղորդմանը առնչվող էլեկտրոնային նյութերը, լրացված տվյալները ստուգելուց հետո հաստատել հաղորդումը և ներկայացնել այն համակարգի հաղորդումների կառավարման մոդուլ:
Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին: Ընդ որում, հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել:
Երկրորդը՝
Բիզպաշտպան բիզնես ոլորտի առցանց ազդարարման հարթակն է, որը գործարկվում է
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Այս ազդարարման հարթակը հնարավորություն է տալիս բիզնեսի ներկայացուցիչներին հայտնել բիզնես ոլորտում հանդիպած կոռուպցիոն դեպքերի և այլ հարակից խնդիրների մասին՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Հարթակում ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով, որի ապահովման քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է հարթակում։
Հարկ է նշել նաև, որ այս եղանակով ստացված տեղեկությունները օգտագործվում են նաև բիզնես ոլորտում նոր քաղաքականություններ մշակելու և համապատասխան բարեփոխումներ նախաձեռնելու համար:
Երկրորդը՝ աշխատողների իրավունքների պաշտպանության
EmployeeProtect.am առցանց հարթակն է, որը գործարկվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը պատկանում է Իրավաբանների հայկական ասոցիացիային: Հարթակի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը: Հարթակի խնդիրներն են՝
- գրանցել, ընդունել, քննել աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ աշխատողների կողմից ներկայացված անանուն հայտերը և ապահովել դրանց ընթացքը,
- աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ աշխատողների կողմից ներկայացված անանուն տեղեկությունների հիման վրա հատկորոշել և իրականացնել փաստարկված բարեփոխումներ,
- աշխատողներին իրազեկել աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտի վերջին նորությունների մասին:
Հարթակում ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով, որի ապահովման քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է հարթակում։