Նոյեմբերի 3-ին և 8-ին տեղի ունեցան հանրային իրազեկման առցանց սեմինարներ Սյունիքի և հարակից մարզերի հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ, որոնք կազմակերպվել էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից՝ Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Քննարկումների հիմնական նպատակն էր հանրության իրազեկման բարձրացումը ազդարարման համակարգի վերաբերյալ՝ օժանդակելով ազդարարման համակարգի բարելավմանը և նպաստելով ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը: Սա միտված է նաև կերտելու ազդարարի, որպես ՀՀ քաղաքացու, դրական և պահանջատեր կերպարը։
Սեմինարների բանախոսներ Մարիամ Զադոյանը և Անահիտ Մարդոյանը մասնակիցներին ներկայացրեցին ազդարարման համակարգի ընդհանուր բնույթը և ազդարարների դերը հակակոռուպցիոն պայքարում, խոսեցին Հայաստանում գործարկվող ազդարարման բոլոր էլեկտրոնային հարթակներից և քայլ առ քայլ ներկայացրեցին, թե յուրաքանչյուր հարթակով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ կասկածներ ունեցող անձինք ինչպես կարող են ներկայացնել ազդարարման հայտ և՛ անանուն, և՛ բացահայտ եղանակներով։
Բանախոս Մարիամ Զադոյանը երկու սեմինարների մասնակիցներին առաջարկեց իրականացնել գործնական աշխատանք։ Մասնակիցներն «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված haytnir.am ազդարարման այլընտրանքային հարթակով փորձնական հայտ ներկայացրեցին և պրակտիկ ձևաչափով ծանոթացան հարթակով հայտ ներկայացնելու կանոններին։ Բանախոսն իր խոսքում անդրադարձավ նաև ազդարարման օրենսդրական, ինչպես նաև ազդարարման եղանակների բացերին և խնդիրներին։
Այնուհետև սեմինարի մասնակիցների հետ անցկացվեց մտքերի փոխանակում և գաղափարների հավաքագրում։
Սյունիքի մարզի «Հանուն ազատության» իրավական ՀԿ ներկայացուցիչ Արմենակ Դավթյանը՝ ուսումնասիրելով haytnir.am ազդարարման էլեկտրոնային հարթակը հետաքրքրվեց վիճակագրության գեներացման և հաջողության պատմությունների հրապարակման մեխանիզմներով։
Սյունիքի մարզի «Օրենքը հանուն իրավունքի գերակայության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Խաչատրյանին հետաքրքրվեց ազդարարման էլեկտրոնային հարթակների արդյունավետության մասին․ մասնավորապես, փաստաբանը ցանկացավ տեղեկանալ «bizprotect.am» բիզնես ոլորտի ազդարարման էլեկտրոնային հարթակի վիճակագրական տվյալները և հարթակի արդյունավետության մակարդակը՝ դրա գործարկումից ի վեր։
Մասնակիցները ողջունեցին հանրային իրազեկմանը միտված նման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեցին ստացած նոր տեղեկատվության և գիտելիքների համար։