Կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային ծառայողի շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների մասին իմանալու դեպքում անձինք կարող են հայտնել դրա մասին նաև անանուն, առանց բացահայտելու սեփական անձը՝
Haytnir.am հարթակի միջոցով։
Այստեղ ապահովված է ներկայացված հայտերի պաշտպանության (անվտանգության) բարձր մակարդակ:
Անանուն դիմելու առավելությունը կայանում է նրանում, որ այս եղանակով ապահովվում է անանունությունն ու գաղտնիությունը, հետևաբար հայտ ներկայացնող անձի համար հայտի ներկայացումը չի կարող առաջացնել բացասական հետևանքներ, այդ թվում նաև՝ ենթարկվել վնասակար գործողությունների, ներառյալ՝ հնարավոր լարվածություն աշխատանքային միջավայրում։
Միևնույն ժամանակ, անունը հայտնելը խրախուսվում է, քանի որ այն կնպաստի ներկայացրած հայտի լուծմանը, մասնավորապես՝ հնարավոր կլինի նույնականացնել հայտ ներկայացնողին, կապ հաստատել վերջինիս հետ, ստանալ լրացուցիչ տեղեկություններ, որոնք կօգնեն հայտի արագ քննությանը։
Ինչպե՞ս թաքցնել Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol (IP) address)
Գաղտնիության առավել պաշտպանություն ստանալու նպատակով խորհուրդ է տրվում հայտը ներկայացնել` թաքցնելով Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ((Internet Protocol (IP) address)։ Գոյություն ունեն Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն թաքցնելու տարբեր եղանակներ, որոնք անվճար են և հասանելի են յուրաքանչյուրին:
Դրանցից ամենատարածվածներն են ոչ ստանդարտ ցանցային դիտարկչի միջոցով ազդարարումը, որոնք ստեղծված են երրորդ անձանց չարտոնված մուտքից պաշտպանության նպատակով։ Դրանք ծածկագրում (կոդավորում) են Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն և ներկայացված տվյալները, որի արդյունքում երաշխավորվում է ներկայացված տվյալների գաղտնիության և անանունության պաշտպանության առավելագույն մակարդակ։ Բացի այդ, այժմ որոշ ստանդարտ ցանցային դիտարկիչներ ևս հնարավորություն են տալիս թաքցնել Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ներկառուցված «ՎՄՑ»՝ «Վիրտուալ մասնավոր ցանց»-ի (VPN։ Virtual Private Network) կապուղու միջոցով՝ հավելյալ կարգավորումների կիրառմամբ:
Կախված Ձեր օգտագործած օպերացիոն համակարգից՝ կարող եք ընտրել հետևյալ տարբերակերից որևէ մեկը։
• «ՏՈՌ» դիտարկիչ (TOR browser), եթե Դուք օգտագործում եք «Վինդոուզ» (Windows), «Մաք ՕԷս» (macOS) և «Լինուքս» (Linux) օպերացիոն համակարգ։
Քայլ 1. Ներբեռնե՛ք «ՏՈՌ» դիտարկիչը https://www.torproject.org կայքից, տեղադրեք և գործարկեք այն։ Եթե «ՏՈՌ» դիտարկիչը օգտագործում եք առաջին անգամ, ապա կտեսնեք «ՏՈՌ» ցանցի կարգավորումներ (Tor Network Settings) պատուհանը։ Սա ձեզ տալիս է «ՏՈՌ» ցանցին ուղղակիորեն միանալու հնարավորություն կամ ձեր միացումն ապահովելու համար «ՏՈՌ» դիտարկիչը կարգավորելու հնարավորություն։ Դեպքերի մեծամասնությունում ընտրելով «Միանալ» (Connect) գործառույթը՝ Ձեզ հնարավորություն կտրվի միանալու «ՏՈՌ» ցանցին՝ առանց հետագա կարգաբերումների։
Քայլ 2. «ՏՈՌ» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:
• «ՏՈՌ» դիտարկիչ «Անդրոիդի» համար» (Tor Browser for Android), եթե Դուք օգտագործում եք «Անդրոիդ» (Android) օպերացիոն համակարգ
Քայլ 1. Ներբեռնե՛ք «ՏՈՌ» դիտարկիչը «Անդրոիդի» համար «Գուգլ փլեյ սթոր»-ից (Google Play Store), տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ Ամեն անգամ «ՏՈՌ» դիտարկիչը «Անդրոիդի» համար գործարկելիս ձեզ հարկավոր կլինի կտտացնել «Միանալ» (Connect) կոճակը՝ «ՏՈՌ» ցանցին միանալու և ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն թաքցնելու համար։
Քայլ 2. «ՏՈՌ» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:
• «Օնիոն» (Onion) դիտարկիչ, եթե Դուք օգտագործում եք «Այ ՕԷս» (iOS) օպերացիոն համակարգ
Քայլ 1. Ներբեռնե՛ք «Օնիոն» դիտարկիչը «Ափ սթոր»-ից (App Store), տեղադրե՛ք և գործարկե՛ք այն։ «Օնիոն» դիտարկիչը կարելի է օգտագործել դրա մեկնարկից անմիջապես հետո։ Սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն կթաքցվի՝ առանց որևէ լրացուցիչ կարգավորումների։
Քայլ 2. «Օնիոն» դիտարկիչով այցելե՛ք հետևյալ վեբ էջը https://haytnir.am/am/report:
• «Օպերա» (Opera) դիտարկիչ, եթե Դուք օգտագործում եք «Վինդոուզ» (Windows), «Մաք ՕԷս» (macOS), «Լինուքս» (Linux) օպերացիոն համակարգ
Քայլ 1. Ներբեռնե՛ք «Օպերա» դիտարկիչը https://www.opera.com կայքից, տեղադրեք և գործարկեք այն։
Քայլ 2. Անցե՛ք «Կարգավորումներ» (Settings) բաժին։ «Վինդոուզ» կամ «Լինուքս» օպերացիոն համակարգում «Օպերա» դիտարկիչի «Կարգավորումների ցանկը» (Menu) բացելու համար կտտացրե՛ք Opera դիտարկիչի վերին ձախ անկյունում գտնվող «O» պատկերանշանին։ Ցանկի ստորին հատվածում Դուք կգտնեք «Կարգավորումներ» (Settings) բաժնին արված հղում։ «Մաք ՕԷս» օպերացիոն համակարգում «Օպերա» դիտարկչի «Կարգավորումների ցանկը» (Menu) բացելու համար գործիքագոտում կտտացրե՛ք «Օպերա» դիտարկչի պատկերանշանին։ Այստեղ կարգավորումների էջը ներկայացվում է «Նախապատվություններ» (Preferences) անվամբ։
Քայլ 3. Կտտացրե՛ք ձախ կողագոտում գտնվող «Ընդլայնված» (Advanced) բաժինը և մտեք «Հնարավորություններ» (Features) բաժին։
Քայլ 4. «ՎՄՁ»-ի ներքո նշե՛ք «Ակտիվացնել ՎՄՁ»-ն (Enable VPN)։ Երբ դուք ակտիվացնում եք ՎՄՁ-ն, այն ինքնաբերաբեր գործարկվում է, և հասցեի ու որոնման գոտու համակցված դաշտում հայտնվում է կապտագույն «ՎՄՁ» նշանակը։ Կտտացրե՛ք նշանակը և կտեսնեք «Միացված է/Անջատված է» (On/Off) փոխարկիչը, փոխանցված տվյալների ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը, վիրտուալ գտնվելու վայրը և վիրտուալ համացանցային հաղորդակարգի հասցեն:
Haytnir.am-ով հայտնե՛ք Ձեզ հայտնի տեղեկությունները։
Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: