Կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման տեսանկյունից խիստ կարևորվում է ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը: Այս մասին
Iravaban.net-ի հետ զրույցում ասաց հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրության կողմից այդ նպատակով մշակված՝ ազդարարների պաշտպանության երաշխիքների հիմնական ստանդարտները ներառում են ազդարարների իրավունքների պաշտպանությանն առնչվող վարույթներում ապացուցման բեռի բաշխման առանձնահատկությունները, ազդարարի ինքնությունը չբացահայտելը, ազդարարի անձնական անվտանգության պաշտպանությունը, ազդարարման հետ կապված պատասխանատվությունից ազատելը, պաշտպանությունն աշխատավայրում վնասակար գործողությունների բոլոր ձևերից և կրած վնասների փոխհատուցումը և վերականգնումը, ազդարարին խորհրդատվության և իրավաբանական և հոգեսոցիալական աջակցության տրամադրումը։
«ՀՀ-ում վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել են նշյալ մեխանիզմներից որոշները՝ ամբողջ ծավալով և որոշները՝ մասնակի, կամ՝ ընդհանրապես չեն ներդրվել։ ՀՀ օրենսդրությունը համապատասխանում է միջազգային, մասնավորապես՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ստանդարտներին ապացուցման բեռի բաշխման առանձնահատկությունների, ազդարարի ինքնությունը չբացահայտելու, աշխատավայրում վնասակար գործողությունների բոլոր ձևերից պաշտպանության, ազդարարին խորհրդատվության և իրավաբանական աջակցության տրամադրման կարգավորումների մասով»,-նշեց Մարիամ Զադոյանը։
Խնդրահարույց են՝
⇒ ազդարարի անվտանգության պաշտպանության կարգավորումները, քանի որ հատուկ պաշտպանությունը, առնվազն ՄԻՊ-ի դիմումի հիման վրա, սահմանափակվում է քրեական հարթությունում, ինչպես նաև թե՝ արտաքին ազդարարումներ, թե՝ ազդարարների հատուկ պաշտպանության դիմումներ ստացող «իրավասու մարմին» եզրույթի ընդհանրական սահմանումը,
⇒ ազդարարման հետ կապված պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ կարգավորումները, քանի որ դրանք բացառում են ազդարարման պաշտպանությունը գաղտնի տեղեկատվության արգելված օգտագործման պարագայում,
⇒ ազդարարներին պատճառված վնասի համար ֆինանսական փոխհատուցման տրամադրման կարգավորումները, քանի որ բացակայում են վերջինիս հստակ և միանշանակորեն ամրագրված հնարավորությունը, տրամադրման կարգն ու պայմանները,
⇒ ազդարարի խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման հնարավորության կարգավորումները, քանի որ գործող կարգավորումներն ունեն սահմանափակող բնույթ և չեն կարող տարածվել այն իրավիճակների վրա, երբ աշխատանքի դադարեցումը ձևական տեսանկյունից իրականացվել է օրենքով սահմանված հիմքերով և կարգով, սակայն՝ վրեժխնդրության շարժառիթով։
Բացի այդ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն միջազգային, մասնավորապես՝ ԵՄ պրակտիկայում հայտնի ազդարարների հավելյալ պաշտպանության հետևյալ երաշխիքները՝
⇒ ազդարարման արդյունքում ազդարարի նկատմամբ՝ նախքան որպես պոտենցիալ վնասակար գործողություն որակվող աշխատանքային ակտ ընդունելը ազդարարների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնական մարմնի հաստատումը ստանալու պահանջ նախատեսող կարգավորումներ (Սլովակիա)․
⇒ ազդարարման արդյունքում ազդարարի նկատմամբ՝ որպես պոտենցիալ վնասակար գործողություն որակվող պատասխանատվության միջոց կիրառելու նպատակով կարգապահական ժողովի անցկացման հրապարակայնության և թափանցիկության կարգավորումներ, որոնք ներառում են՝ ազդարարի պահանջով ժողովի անցկացման մասին հայտարարության տեղադրում պաշտոնական կայքում՝ ժողովի կայացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, ժողովին մամուլի, արհմիության, մասնագիտական ասոցիացիայի կամ աշխատողների ներկայացուցիչներին հրավիրում, իսկ նշյալ պահանջները չպահպանելու դեպքում՝ ազդարարի դեմ կայացված ակտի առոչինչ բնույթի սահմանում (Ռումինիա)․
⇒ ազդարարի նկատմամբ ժամանակավոր պաշտպանության (անգլ.` provisional protection) մեխանիզմներ նախատեսող կարգավորումներ, օրինակ՝ գործատուի կողմից ազդարարի դեմ ձեռնարկված որպես վնասակար գործողություններ որակվող աշխատանքից ազատելու կամ ցածր պաշտոնի փոխադրելուն ուղղված որոշման/ակտի կասեցումը մինչ գործի վարույթի ավարտը (օրինակ՝ Եվրոպական Միության խորհրդարանի կողմից 2019 թվականի ապրիլի 16-ին ընդունված N 2019/1937 հրահանգը, որը սահմանում է, որ անհատը, ով համապատասխանում է Հրահանգով նախատեսված պաշտպանության պայմաններին, պաշտպանված է վնասակար գործողությունների ցանկացած ձևից, սպառնալիքներից կամ փորձից, Ուկրաինա)։
⇒ ազդարարին հոգեսոցիալական աջակցության տրամադրման մեխանիզմներ նախատեսող կարգավորումներ (օրինակ՝ Սլովակիա, Ուկրաինա), որը ենթադրում է ազդարարների համար հանդիպումների կազմակերպում և ֆինանսավորում կարիերայի ուղղորդման մասնագետների և հոգեթերապևտների հետ:
⇒ ազդարարների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնական մարմնի կողմից անկախ խորհրդականի կարգավիճակով ազդարարներին առնչվող դատական վարույթներում մասնակցություն նախատեսող կարգավորումներ։
Մարիամ Զադոյանը նաև նշում է, որ գործնականում նշյալ պաշտպանության երաշխիքների մեծամասնությունը չի կատարվում, ինչը վկայում է հանրության շրջանում ազդարարման ինստիտուտի նկատմամբ վստահության ցածր մակարդակի մասին։
Քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին՝ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի միջոցով։ Հայտ ներկայացնելն անվճար է։
Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: