Հայաստանում թեև գործում է ազդարարման միասնական հարթակը, սակայն ներքին ազդարարումների ներկայացման մեխանիզմները թերի են․ Սյուզաննա Սողոմոնյան

12.03.2024
«Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված է, որ ազդարարումը լինում է 3 տեսակի՝ ներքին ազդարարում, արտաքին ազդարարում, ազդարարում հանրությանը:
Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին: Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:
Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:
Iravaban.net-ի հետ զրույցում հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ օրենքը նախատեսում է ներքին և արտաքին ազդարարման տեսակները, բայց որպես այդպիսին, ուղղակիորեն չի նախատեսում, որ ազդարարը կարող է ընտրել, թե որ տեսակով ներկայացնի հաղորդումը․ ներքին, թե՞ արտաքին։
Նա նշեց, որ ազդարարման տեսակների մասով կատարված վերլուծությունների արդյունքում մի շարք եզրակացություններ են արվել ևա ռաջարկությունների տեսքով ներկայացվել Արդարադատության նախարարությանը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՏՀԶԿ), Եվրոպական միության ստանդարտների և միջազգային փորձի՝ ներքին և արտաքին ազդարարումների դեպքում իրավասու մարմինների կայքէջերում հատուկ առանձնացված բաժիններում ներկայացվում են ներքին և արտաքին ազդարարման համար պատասխանատու ստորաբաժանման կամ պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, ներառյալ՝ էլեկտրոնային և փոստային հասցեները, հեռախոսահամարները՝ նշելով, թե արդյոք հեռախոսային խոսակցությունները ձայնագրվում են, հաղորդումների հաշվառման համար կիրառելի ընթացակարգերը, այդ թվում նշելով, թե իրավասու մարմինը ինչպե՞ս և ի՞նչ տեսակի տեղեկատվություն կարող է պահանջել հաղորդում ներկայացրած անձից, ներառյալ՝ հաղորդած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը, հետադարձ կապի ապահովման ժամկետը, եղանակը և բովանդակությունը, տեղեկատվություն այն մասին, որտեղ հստակ ձևակերպված է այն դրույթը, ըստ որի գաղտնիության խախտման դեպքում հաղորդում ներկայացրած անձիք ազատվում են պատասխանատվություն կրելուց։
«Հայաստանում թեև իրավասու մարմինների կայքէջերում կան տեղեկատվություն, սակայն դրանք շատերի դեպքում թերի են (ոչ բոլորի դեպքում կան ամբողջական կոնտակտային տվյալներ, այդ թվում չկա նշում հեռախոսային խոսակցությունները ձայնագրման մասին, ազդարարման պատասխանատուների մասին տեղեկատվությունը տեսանելի տեղում չէ), իսկ պարզաբանումները և տեղեկատվությունը իրականում հանդիսանում են օրենքից մեջբերում, և ոչ թե հանրամատչելի կերպով բացատրված։
«Ազդարարման համակարգի մասին» օրենքը նախատեսում է ներքին ազդարարում ներկայացնելու հնարավորություն։ Չնայած սրան, հանրային (պետական) հատվածի կառույցների համար, որպես այդպիսին, ներքին ազդարարման ընթացակարգեր ներդնելու ուղիղ (անմիջական) պարտավորություն նախատեսված չէ։ Օրենքը ուղղորդում է ազդարարին՝ հաղորդումը ներկայացնել անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին: Իր հերթին, ՀՀ կառավարության 15.03.2018 թվականի N 272-Ն որոշմամբ սահմանվել է ներքին ազդարարման հաղորդումների հաշվառման և ձևակերպման համար պատասխանատու անձանց նշանակելու և վերջիններիս մասին աշխատողներին տեղեկացնելու պահանջ, ինչը միջազգային ստանդարտների համաձայն, նույնը չէ, ինչ ազդարարման ընթացակարգերի (channels), օրինակ՝ ներքին ազդարարումներ ներկայացնելու նպատակով ստեղծված հատուկ հեռախոսագծի, էլեկտրոնային փոստի կամ վեբ ձևի (web-form), ստեղծումը»,-մանրամասնում է Սյուզաննա Սողոմոնյանը։
Փորձագետը նշում է, որ միևնույն ժամանակ, Կառավարության հիշյալ որոշումը սահմանում է ազդարարների հաղորդումները հաշվառելու և ձևակերպելու ընթացակարգը, երբ դրանք ստանում են ազդարարման համար պատասխանատու անձինք։ Մինչդեռ սահմանված չէ կարգավորում այն դեպքերի համար, երբ հաղորդումները ներկայացվում են անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի։
ՏՀԶԿ, ԵՄ ստանդարտների և միջազգային փորձի՝ ներքին ազդարարման ընթացակարգերը պետք է հնարավորություն ընձեռեն ազդարարել գրավոր, բանավոր կամ երկու ձևով էլ: Բանավոր հաղորդման դեպքում, պետք է հնարավորություն լինի այն իրականացնել հեռախոսով (telephone) կամ ձայնային հաղորդակցության այլ համակարգերով (other voice messaging systems), ինչպես նաև հաղորդում ներկայացնող անձի պահանջով` ողջամիտ ժամկետում առկա (դեմառդեմ) հանդիպման (physical meeting) միջոցով: Կան երկրներ, որտեղ ներքին ազդարարումը ապահովելու նպատակով ներդրված է միասնական ազդարարման էլեկտրոնային հարթակը, որին հասանելիություն ունեն ներքին ազդարարումները հաշվառող և քննող իրավասու մարմինները՝ ըստ համապատասխան սահմանափակումների։
«Հայաստանում նախատեսված է միայն գրավոր կամ բանավոր հաղորդումների ներկայացման եղանակը։ Որևէ այլ եղանակ, այդ թվում՝ հեռախոսով, ձայնային հաղորդակցության կամ առկա հանդիպումների հնարավորություն նախատեսված չէ։ Ավելին, Հայաստանում թեև գործում է ազդարարման միասնական հարթակը, սակայն այս հարթակով ներքին ազդարարումների ներկայացման մեխանիզմ նախատեսված չէ»,-նշեց մասնագետը։
Ըստ ՏՀԶԿ, ԵՄ ստանդարտների և միջազգային փորձի՝ ներքին ազդարարման դեպքում նախատեսված է խորհրդատվության տրամադրման հնարավորություն ազդարարներին այն իրավասու մարմինների կամ պատասխանատու անձանց կողմից, որոնք ստացել են հաղորդումը։ Հայաստանում խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն տրամադրում է ՄԻՊ-ը։

Քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին՝ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի միջոցով։ Հայտ ներկայացնելն անվճար է։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Վերադառնալ ցանկ