Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին. մեկնարկել են մարզային դասընթացները

01.05.2024
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին:
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արդարադատության նախարարությունը կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ազդարարման համակարգի դերն ու նպատակ հետապնդելով հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցով նպաստելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը և դրա դեմ պայքարը դարձելու հասարակության արժեհամակարգի մաս, ինչպես նաև քաղաքացիների մեջ ձևավորվելու կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ՝ ձեռնարկել է Ազդարարման համակարգի իրազեկման մեկամյա արշավ:
Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Վերադառնալ ցանկ