Մայիսի 13-ին Արարատ քաղաքում տեղի ունեցավ մարզային դասընթաց Արարատի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների հետ։ Դասընթացն իրականացվել է ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։
Իրազեկման արշավի շրջանակներում կայացած դասընթացի սկզբում փորձագետները մասնակիցներին ողջունեցին դասընթացին մասնակցելու իրենց պատրաստակամության համար և ապա ներկայացրեցին ազդարարման գաղափարը, azdararir.am ազդարարման միասնական հարթակը, դրա գործարկման կանոնները, խոսեցին գաղտնիության և անանունության պաշտպանության մասին և անդրադարձան համակարգի օրենսդրական կարգավորումներին։
Այնուհետև, գործնական հմտությունների զարգացման նպատակով, մասնակիցները բաժանվեցին խմբերի և իրավիճակային խնդիրների ու իրական դեպքերի հիման վրա կատարեցին գործնական աշխատանքներ։ Դրանց ընթացքում և՛ փորձագետների, և՛ մասնակիցների կողմից բարձրացվեցին մի շարք կարևոր հարցեր համակարգի բարելավման նպատակով։
Հիշեցնենք, որ դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Այս դասընթացին նախորդել են համանման ուսուցումներ Սևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Արմավիրում և Հրազդանում։
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։