Մայիսի 21-ին՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կայացավ հերթական դասընթացը ազդարարման համակարգի բարելավման նպատակով։ Դասընթացն իրականցվել է ազդարարման համապետական արշավի շրջանակներում։
Մինչ դասընթացի մեկնարկը արշավի փորձագետները ողջունեցին Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչներին դասընթացին մասնակցելու իրենց պատրաստակամության համար։
Ներկաներին ներկայացվեց ազդարարման համակարգի ներդրման նախապատմությունը, ունեցած արդյունքները, վեր հանված խնդիրները, որոնք ըստ էության հիմք են հանդիսացել այս համապետական արշավի մեկնարկի համար։ Ներկայացվեց նաև ազդարարման համակարգի ընդհանուր նպատակը, համակարգի վերաբերյալ շուրջ հանրության ընկալման փոփոխման անհրաժեշտությունը և ուղղությունները։
Այնուհետև մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ՀՀ-ում գործող azdararir.am ազդարարման միասնական հարթակին, դրա գործարկման կանոններին, գաղտնիության և անանունության պահպանման մեխանիզմներին։
Դասընթացն ունեցավ առավել ինտերակտիվ ընթացք երբ մասնակիցները բաժանվեցին խմբերի և իրավիճակային խնդիրների միջոցով բարձրացրեցին մի շարք խնդիրներ համակարգի վերաբերյալ, որոնք հետագա բարեփոխումների և կարգավորումների մշակման ընթացքում հաշվի կառնվեն։
Հիշեցնենք, որ դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ նախատեսվում են իրականացնել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Այս դասընթացին նախորդել են համանման ուսուցումներ Սևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Արմավիրում, Հրազդանում, Արարատում, Գյումրիում և Աշտարակում։
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։