Երևանում ամփոփվել է ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը

04.06.2024
Մայիսի 31-ին Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավն ամփոփվեց Երևանի քաղաքապետարանում։ Համապետական արշավի շրջանակում հանրային իրազեկման և կրթական միջոցառումներ են անցկացվել Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը։ Դասընթացների դասընթացավարներն էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը։
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ինչպես բոլոր նոր ներդրվող ինստիտուտների, այնպես էլ ազդարարման համակարգի գործարկման պարագայում՝ օրգանիկ զարգացման ընթացքում ի հայտ է գալիս բարելավումների անհրաժեշտություն, միաժամանակ նաև՝ հասարակության տեղեկացվածության բարձրացման կարիք:
Սուրեն Գրիգորյանը կարևորել է ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջգերատեսչական համատեղ ջանքերը՝ ներկայացնելով, որ վերապատրաստմանը ներկա են Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց տեղակալները:
Նախարարի տեղակալը մեծապես կարևորել է գործընթացին միջազգային գործընկերների՝ ԱՄՆ ՄԶԳ, ԵԽ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներգրավումը՝ միաժամանակ նշելով, որ միացել և ջանքերը համախմբելու պատրաստակամություն են հայտնել քաղաքացիական հասարակության գործընկերները։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ իրազեկման միջոցառումներ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների:
Արդարադատության նախարարի խորհրդական և ազդարարման արշավի համակարգող Լիանա Թովմասյանը նշել է, որ պատահական չէ վերջին վերապատրաստում-միջոցառումը հենց Երևանում անցկացնելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ բոլոր մարզերում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստումներ և Երևանով ամփոփվում է ՏԻՄ ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված շրջափուլը, որն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Նախարարի խորհրդականը նաև տեղեկացրել է, որ հաջորդ քայլով կիրականացվեն հաղորդակցության տարբեր միջոցառումներ և վերապատրաստումներ Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երում՝ արդեն 2024 թ. սեպտեմբերից:
Ներկաները վստահություն են հայտնել, որ միասնական ջանքերով նախանշված ծրագրերի իրագործումը մեծ ներդրում կլինի հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու և կոռուպցիայի դեմ պայքարի Կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու համար։
Սյուզաննա Սողոմոնյանը խոսել է ազդարարման ենթակա տեղեկությունների շրջանակի մասին, շեշտադրելով կոռուպցիոն հանցագործությունները, բարեվարքության համակարգի տարրերը, ներառյալ՝ շահերի բախման իրավիճակները, նվերների կարգավորումները, հայտարարագրման համակարգը և այլն։ Դասընթացը անցկացվել է նաև կոնկրետ իրավիճակային դեպքերի վերլուծությամբ։
Մարիամ Զադոյանը խոսել է ազդարարման տեսակների, ձևերի, azdararir.am-ի մասին։ Իր խոսքում փորձագետը կարևորել է իրավական և անվտանգության երաշխիքները, որոնք ՀՀ օրենսդրությունը և ներդրված իրավական գործիքները ընձեռում են ազդարարներին՝ բարեխիղճ գործելու դեպքում։
ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստումներն իրականացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով:
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Վերադառնալ ցանկ