Ազդարարումների թիվն այս պահին գրեթե կրկնակի գերազանցում է 2019 թ.-ից ի վեր՝ նախորդ բոլոր տարիներին ներկայացված ազդարարումների թիվը․ Գլխավոր դատախազի խորհրդական

07.11.2024
«Հաջողված փորձ ունեցող երկրների օրինակն ապացուցում է, որ տարբեր ձևաչափերով ազդարարման ինստիտուտի վերաբերյալ հանրային իրազեկման արշավները կարող են էապես փոխել ազդարարման համակարգի և հատկապես ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ հանրային թերահավատ վերաբերմունքը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշել է Գլխավոր դատախազի խորհրդական Եվա Սաղոյանը, ում հետ զրուցել ենք ազդարարման համակարգի, ազդարարման համապետական արշավից հետո արձանագրված արդյունքների մասին։

Նշենք նաև, որ 2024-ի հոկտեմբերն առանձնացել է Azdararir.am-ով ստացված ազդարարումների թվով։ Գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, 40 ազդարարում՝ մեկ ամսում։

-Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ ազդարարման համապետական արշավից հետո ազդարարման թվերն աճել են։ Կարո՞ղ եք նշել՝ երբվանի՞ց է աճը գրանցվել, և որքանո՞վ է այն կապված արշավի հետ։
-Ազդարարման հարթակի գործարկման պահից, այսինքն՝ 2019 թվականից մինչև 2023 թվականը ներկայացված ազդարարումների վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ժամանակահատվածում ազդարարման էլեկտրոնային հարթակում ստացված հաղորդումների տարեկան թվաքանակն էապես չի տատանվել. առավելագույն ցուցանիշը գրանցվել է հարթակի գործարկման առաջին տարում՝ 2019 թվականին՝ կազմելով 188 ազդարարում: Նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2021 թվականին, երբ ներկայացվել է 75 ազդարարում, սակայն այդ նույն տարում զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը: Մասնավորապես՝ ներկայացված 75 ազդարարումներից 10-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր:
2024 թվականին ազդարարման էլեկտրոնային հարթակում ստացված ազդարարումների թիվը շեշտակի աճել է նախորդ տարվա համեմատ: Այսպես, եթե 2023 թվականին հարթակի միջոցով ստացվել է 116 ազդարարում, ապա 2024 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ արդեն իսկ ստացվել է 276 ազդարարում, ինչը նշանակում է, որ ազդարարումների թիվն այս պահին գրեթե կրկնակի գերազանցում է 2019 թ.-ից ի վեր՝ նախորդ բոլոր տարիներին ներկայացված ազդարարումների թիվը:
Այս խոսուն վիճակագրությունից, իհարկե, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության 2023-2026 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախանշված՝ հակակոռուպցիոն հանրային հաղորդակցության և իրազեկման գործողությունների ծրագրի ներդրումը և դրա գործարկմամբ ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկելուն ուղղված՝ պետական կառավարման և իրավապահ մարմինների, ու  քաղաքացիական հասարակության ջանքերը տվել են իրենց նկատելի արդյունքը:
Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ չնայած շարունակաբար իրականացվող աշխատանքներին՝ ազդարարման համակարգի և դրա բաղադրիչների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը դեռևս շարունակում է մնալ ոչ բավարար, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Արդարադատության նախարարության գործընկերների հետ համատեղ:
-Նախարարության գործընկերները նշում են, որ բարձրացել է նաև ազդարարումների որակը։ Կարո՞ղ եք նշել՝ որակային առումով ինչպիսի ազդարարումներ է ստացել դատախազությունը։
-2024 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին հարթակ ներկայացված ազդարարումների 57.71 տոկոսը ստուգվել է օպերատիվ-հետախուզական գործողությունների միջոցով: Սա վկայում է այն մասին, որ ներկայացվող ազդարարումների բովանդակությունն առավել հստակ և թիրախային է դարձել:
«Ազդարարման համակարգի մասին» օրենքը նախատեսում է, որ հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով միայն այն դեպքում, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:
Այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ ստուգվելու համար հաղորդումները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Մասնավորապես՝ դրանք պետք է լինեն ոչ թե ընդհանրական և գնահատողական դատողություններ, այլ նկարագրեն հանցագործության հատկանիշներ պարունակող կոնկրետ արարք, վերաբերեն ոչ թե անձանց անորոշ կամ վերացական շրջանակի, այլ նույնականացման ենթակա կոնկրետ սուբյեկտի (սուբյեկտների) կամ մարմնի, և, իհարկե, ներկայացված տվյալների ստուգումը ևս պետք է իրատեսական լինի:
Այս տեսանկյունից շատ կարևոր է ազդարարումների բովանդակային բաղադրիչների լուսաբանումը և պարզաբանումը: Պետք է նշել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր ակտիվ մասնակցությունն է ունենում այս գործընթացին: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը «Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» կրթական ծրագրի շրջանակներում հանդես է եկել բանախոսություններով, որոնց ընթացքում հատուկ շեշտադրվել են էլեկտրոնային հարթակ ուղարկվող ազդարարումներին ներկայացվող բովանդակային պահանջները, ինչպես նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմների կիրառության հետ կապված հարցերը:
-2023 թվականի նոյեմբերից հետո ազդարարումներից քանիսո՞վ է վարույթ նախաձեռնվել։
-2023 թվականի նոյեմբերից հետո ազդարարման հարթակում ստացված հաղորդումների 15.70 տոկոսով, մասնավորապես՝ թվով 19 հաղորդումներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնցից մեկը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ինչպես կարելի է նկատել, ազդարարումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների թիվը նույնպես այս տարվա ընթացքում աճ է գրանցել:
-Ինչպե՞ս եք գնահատում ազդարարումների թվի ավելացումը, ինչո՞ւ էր համակարգը գործարկումից հետո, մի քանի տարի շարունակ ցածր արդյունքներ գրանցում։
-Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչպես նաև առհասարակ ազդարարման այլ մեխանիզմներով կոռուպցիոն դեպքերի, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտի այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու պրակտիկայի ոչ լայն տարածումն ունի մի շարք պատճառներ:
Նախևառաջ, ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում թե՛ մասնավոր, թե՛ հանրային ոլորտների աշխատողները և լայն առումով՝ ամբողջ հանրությունը, հստակ պատկերացում չունի՝ ինչպես վարվել կոռուպցիոն դեպքի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկատվության հետ: Բավարար մակարդակի չէ նաև ազդարարների պաշտպանության իրավական մեխանիզմների վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է նաև այդ համակարգի նկատմամբ անվստահության:
Հաջողված փորձ ունեցող երկրների օրինակն ապացուցում է, որ տարբեր ձևաչափերով ազդարարման ինստիտուտի վերաբերյալ հանրային իրազեկման արշավները կարող են էապես փոխել ազդարարման համակարգի և հատկապես ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ հանրային թերահավատ վերաբերմունքը:
Հանրային իրազեկման արշավների արդյունավետության տեսանկյունից էական է նաև այդ գործընթացի թիրախային բնույթը, ինչը ենթադրում է հասարակության տարբեր խմբերին, ելնելով վերջիններիս տարիքային, սոցիալական, զբաղվածության և այլ տարբերություններից, համապատասխան եղանակներով, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցներով և հարթակներով իրազեկելը:
Ազդարարման մեխանիզմների էության, և առհասարակ, դրանց գոյության մասին հանրության տեղեկացվածության, ինչպես նաև այդ մեխանիզմների արդյունավետության և ազդարարների պաշտպանության միջոցների նկատմամբ վստահության պակասից բացի ազդարարման համակարգի ցածր ցուցանիշին նպաստող հիմնական պատճառներից են նաև ազգային մտածելակերպի առանձնահատկությունները, հասարակության շրջանում այս ինտիտուտի վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերը, որոնց հաղթահարումն արժեքաբանական տիրույթում է:
Միևնույն ժամանակ, մեր համոզմամբ համակարգի արդյունավետության մասին վկայում է ոչ միայն և ոչ այնքան ներկայացվող հաղորդումների քանակը, որքան դրանց հիման վրա նախաձեռնվող քրեական վարույթների բարձր տեսակարար կշիռը, ինչին էլ պետք է միտված լինեն ինչպես հանրային իրազեկման արշավները, այնպես էլ լայն առումով՝ ազդարարման համակարգի գործարկումը:
Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Վերադառնալ ցանկ