Տարբեր իրավախախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի տեղեկություններ ունեցող անձիք կարող են նաև ազդարարել ԶԼՄ-ների միջոցով
30.09.2023
Iravaban.net-ը մի շարք հրապարկումներ է արել՝ ազդարարման իսնտիտուտի վերաբերյալ։
«Ազդարարման համակարգի մասին» օրենքով ազդարարման երեք տեսակ է սահմանված․
ներքին ազդարարում,
արտաքին ազդարարում,
ազդարարում հանրությանը։
Ի՞նչ է ազդարարում հանրությանը
1. Եթե ազդարարման մյուս տեսակներով հաղորդումը օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ընթացք չի ստացել, ապա ազդարարը կարող է հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով:
2. Հաղորդում ստացած զանգվածային լրատվության միջոցները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ առկա չէ անձի գրավոր համաձայնությունը:
3. Ազդարարին տրվող պաշտպանությունը տարածվում է զանգվածային լրատվության միջոցների վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է նրանց նկատմամբ:
4. Իրավասու մարմինն ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
5. Իրավասու մարմինը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
7. Ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքով ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է, եթե նրա անձը հայտնի է:
8. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:
9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան անձին:
10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
Ազդարարել կարելի է նաև azdararir.am հարթակի միջոցով՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ անանուն։
Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։
Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: