2023-ին գործարկվել է
Haytnir.am կայքը, որի միջոցով քաղաքացիները կարող են
բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող այս հարթակն արդեն ահազանգեր է ստանում և դրանցից որոշներին արդեն լուծումներ են տրվել։
Փետրվարի 26-ին Հասմիկ Աքսկալյանից հարթակի միջոցով ազդարարում է ստացվել, որն ուղղված է եղել «ՀԵՓԻՍՄԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հասմիկ Սիմոնյանի և նույն ընկերության ատամնաբուժական կլինիկայի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժ, ատամնաբույժ Հայկ Բախշյանի դեմ։
Քաղաքացին հայտում նշել է հետևյալը․ ««ՀԵՓԻՍՄԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ինձ` Հասմիկ Աքսկալյանին տրված բժշկական անկետան արդյոք համարվում է ՀՀ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական անկետայի ձևի և պահանջների չափորոշիչներին համապատասխան, թե ոչ, ներառյալ` բժշկական անկետայում դրա բացման և փակման ժամկետների նշումների բացակայությունը, քանի որ անկետայում առկա է միայն մեկ ժամկետի նշում, այն է` 17.01.20թ.` չնայած այն բանին, որ «ՀԵՓԻՍՄԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ատամնաբուժական կլինիկայի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժ, ատամնաբույժ Հայկ Բախշյանի կողմից «ՀԵՓԻՍՄԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ատամնաբուժական կլինիկայում ինձ ատամնաբուժական ծառայությունները մատուցել է 2019թ. դեկտեմբերից սկսած մինչև 2022 թ.-ը:
Խնդրում եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում նախաձեռնել համապատասխան իրավական գործընթաց «ՀԵՓԻՍՄԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հասմիկ Սիմոնյանի և «ՀԵՓԻՍՄԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ատամնաբուժական կլինիկայի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժ, ատամնաբույժ Հայկ Բախշյանի կողմից իմ`
Հասմիկ Աքսկալյանի բժշկական անկետայի վարման և վերահսկողության մասով թույլ տրված խախտումների մասով: Խնդրում եմ նաև ինձ տրամադրել այն իրավական ակտի պատճենը կամ դրա հղումը, որով ՀՀ առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանվել է բուժառուների բժշկական անկետայի ձևի և պահանջների վերաբերյալ չափորոշիչները»։
Haytnir.am-ը գործարկվող Իրավաբանների հայկական ասոցիացիան միանգամից սկսել է զբաղվել ահազանգով, ուսումնասիրվել է օրենսդրությունը, ահազանգի վերաբերյալ գրություն է ուղարկվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Արդեն իսկ ապրիլի 2-ին ստացվել է տեսչական մարմնի
պատասխանը։ Մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը հայտնել է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ մարտի 4-ին վարույթ է հարուցվել, մարտի 12-ից 14-ն իրականացված զննման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի վարում վճարովի ծառայությունների համար պացիենտների հաշվառման մատյան, որով
խախտվել են ինչպես օրենքով, այնպես էլ Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջները։ Ընկերությունում չի վարվում նաև օրենսդրությամբ սահմանված ձևի մեծահասակի ստոմատոլոգիական քարտ, ինչը նույնպես օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտում է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024-ի մարտի 28-ին ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ բացահայտված խախտումները վերացնելու նպատակով, իսկ բժիշկ Հայկ Բախշյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Haytnir.am ազդարարման առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր իմիջի կերտմանը։
Haytnir.am հարթակը (կայքը) կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային ծառայողի շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների մասին ազդարարի կողմից ներկայացրած հայտերին (ազդարարումներին) արագ արձագանքելու և դրանք ըստ իրավասու մարմինների քննության ուղարկելու առցանց հարթակ է։
Այստեղ ապահովված է ներկայացված հայտերի պաշտպանության (անվտանգության) բարձր մակարդակ: Ծրագրերի համադրությունը ծածկագրում (կոդավորում) է ներկայացված տեղեկատվությունը և հետևաբար պաշտպանում է այն կողմնակի միջամտությունից:
Հայտ ներկայացնողները կարող են նաև անանուն հանդես գալ և հաղորդել վերը նշված առերևույթ իրավախախտումների կամ այդ իրավախախտումների վերաբերյալ ողջամիտ կասկածների վերաբերյալ տեղեկատվություն։
Կլինիկայի Երևանում տեղակայման վայրի լուսանկարը՝ վերցված է համացանցից, բժիշկ Հայկ Բախշյան․ լուսանկարը՝ Medway.am-ից, հայտատու Հասմիկ Աքսկալյանի լուսանկարը՝ անձնական արխիվից։