Կայացավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը

09.12.2023
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո իր կողմից բնորոշում տրվեց, որ կոռուպցիան ստացել է արյան տեսք, իսկ դրանից հետո սկսվեցին հակակոռուպցիոն գործնական բարեփոխումները։ Խոսելով ազդարարման համակարգի մասին՝ նա նշեց, որ ազդարարման համակարգը լավն է, սակայն ՀՀ դատախազության կողմից գործարկվող www.azdararir.am ազդարարման միասնական հարթակի արդյունավետությունը ցածր է։  Բանախոսի խոսքով՝ պետք է փոխվեն ազդարարման համակարգի և ազդարարողների վերաբերյալ հանրային ընկալումները։ Դեռևս խորհրդային տարիներից հասարակությունում խորացած կարծրատիպերն են խանգարում ազդարարման համակարգի զարգացմանը։
«Մեր հիմնական ուղերձն է, որ ազդարարները «գործ տվողներ» չեն։ Նրանք պարկեշտ, ազնիվ, օրինապաշտ, իրենց երկիրը սիրող քաղաքացիներն են։ Այս կերպարը պետք է հանրության շրջանում ներկայացնել։ Ընկալումները պետք է փոխվեն նաև պետական պաշտոնատար անձանց մոտ։ Ազդարարները պետք է գիտակցեն իրենց առաքելության կարևորությունը։ Նրանց պետք է ջատագովել, խրախուսել՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը։
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու համար։ Նա նշեց, որ Կառավարության անկյունաքարային ուղղությունների մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, դրա նկատմամբ հասարակության շրջանում զրո հանդուրժողականության գաղափարի ձևավորումը և արմատավորումը։
«Հասարակության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում չպետք է լինի միայն գաղափարական։ Կառավարությունն ակնկալում է, որ հասարակությունը պետք է դրսևորի պրոակտիվ մոտեցում այս գործընթացին և այդ մեխանիզմներից մեկը հանդիսանում է հանրային ազդարարման համակարգը, որը ժամանակակից ժողովրդավարական պետություններում վաղուց արդեն ապացուցել է իր կարևորությունը»,-նշեց նա։ 
 
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը ՀՀ-ում ԵՄ դեսպանի անունից իր ողջույնները փոխանցեց ներկաներին։ Նա նշեց, որ միջոցառումը ճիշտ ժամանակին է անցկացվում, քանի որ դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի օրն է և նման արշավները շատ կարևոր են։ 
«Ես կուզեի ընդգծել Հայաստանի առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում։ Դա արտացոլվել է բազմաթիվ ցուցանիշներում։ Ուզում եմ ողջունել Հայաստանի կառավարության նվիրվածությունը այդ նպատակին և այն քայլերը, որոնք իրականացվել են ԳՐԵԿՈ-ի խորհրդատվությունների արդյունքում»,-նշեց Յան Պլեշինգերը՝ նշելով, որ ինքը հետխորհրդային Չեխոսլովակիայում է ծնվել և իր երկրի փորձը նման է Հայաստանին։

Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող Լիլյա Աֆրիկյանը նշեց, որ միջազգային գործընկների կողմից բարձր է գնահատվել Կառավարության կամքը և ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում գործիքակազմեր, ինստիտուտներ ներդնելու հարցում։ Նրա խոսքով՝ հանրության մոտ թյուր ընկալում կա, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն գործադիրի մանդատն է։
«Կարծիքը ձևավորվել է տարբեր կրթական հաստատություններում երիտասարդների հետ հանդիպումների արդյուքում։ Սիմուլյատիվ քննարկումների ժամանակ հարցնում էինք՝ օրինակ՝ դու, կազդարարես, եթե քո ընկերը, բարեկամը կամ հարազատը չարաշահումներ են իրականացրել։ Նրանք շատ անկեղծ, առանց մտածելու նրան ասացին՝ իհարկե ոչ, ես հո մատնիչ, գործ տվող չեմ։ Մենք շատ մեծ անելիք ունենք հանրությանը բացատրելու ազդարարման համակարգի նպատակը։ Տվյալ դեպքում նրանք գործընկեր են իրավապահ համակարգի համար, այլ ոչ մատնիչ»,-նշեց Լիլյա Աֆրիկյանը։ 

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր «Պատկերի՛ր ճշմարտությունը» և «Պատմի՛ր ճշմարտությունը» խորագրերով նկարչական և շարադրությունների մրցույթներ, որոնց մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից դպրոցականներ ու ուսանողներ։ Մրցույթների կազմակերպող Անահիտ Մարդոյանը հայտարարեց հաղթողների անունները, որոնց մրցանակներ և հավաստագրեր հանձնվեցին։ Սյունիքի մարզից երկու մասնակից էլ հատուկ մրցանակների արժանացան։
 
« Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց ազդարարման նոր այլընտրանքային քաղաքացիական հասարակության հարթակը՝ haytnir.am-ը, ինչպես նաև ազդարարման համակարգի հայկական մոդելի տեսլականը, ազդարարների իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հնարավորությունները։
Հարթակը պատրաստվել է Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։
«Կայքը տեղեկատվություն է պարունակում նաև այս պահին ՀՀ-ում գործող ազդարարման հարթակների վերաբերյալ։ Այդ նպատակով կայքի գլխավոր էջում տեղադրված է հղում դեպի azdararir.am կայք, որը գործարկվում է Գլխավոր դատախազության կողմից։ Haytnir.am-ի նպատակն է խթանել իրազեկումները հենց պետական մակարդակով»,-նշեց Մարիամ Զադոյանը։ 
Ներկայացվեցին նաև «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի արդյունքները։ Ծրագրի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ազդարարման համակարգի տեսակները, դրանց զարգացման առաջարկությունները, ինչպես նաև ազդարարների խրախուսման մեխանիզմների ներդրման հնարավորությունները։
«Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ ՀՀ-ում ներքին ազդարարման դեպքում պատկերը տարակուսելի է։ Ընդամենը 13 ազդարարում է եղել տարբեր պետական մարմիններում, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։
«Ազդարարները հակված են ներքին կարգով իրականացնել ազդարարում՝ հաշվի առնելով այս կամ այն մարմինի հետ աշխատանքային կամ ծառայողական հարաբերությունների մեջ լինելու հանգամանքը։ Հանրային շահին հասցվելիք վնասի մասով, սպառնալիքի մասով ունենում են տեղեկատվություն և այն ներկայացնում են այդ որոշումը կայացնող, խնդիրը լուծող մարմնին, որը տվյալ դեպքում, տվյալ մարմնի ղեկավարը կամ իրավասու անձն է։ Մեկ այլ բան է ունենալ բոլոր մարմիններում նշանակված ներքին ազդարարման համար պատասխանատու անձինք, սակայն այլ է ինչպես են մարդիկ նշանակվում այդ պաշտոնին»,-ընդգծում է Սյուզաննա Սողոմոնյանը։

Կատարվել է իրապես համապարփակ վերլուծություն ազդարարման ոլորտի յուրաքանչյուր բաղադրիչիմասով և ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, պրակտիկան․ իր խոսքում նշեց Մարիամ Զադոյանը։ 
«Կցանկանայի անդրադառնալ ազդարարման ոլորտում կենտրոնական, իրավասու մարմնի կոնցեպտին։ Մեր երկրում այս պահին չունենք նման մարմին, որը կունենա այնպիսի գործիքակազմ, որը բավարար կգնահատվի միջազգային ստանդարտների, մասնավորապես ՏՀԶԿ ստանդարտների տեսանկյունից»,-ասաց նա։ 
Մարիամ Զադոյանի խոսքով՝ երկու կարևորագույն գործառույթ կա։ Մեկը՝ ազդարարների պաշտպանության կենտրոնական գործիքակազմ ունենալն է, մասնավորապես ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանության հարցում թե՛ մասնավոր, թե՛ պետական ոլորտներում։ Երկրորդը՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտների կողմից ներքին ազդարարման համակարգերի ներդրման նկատմամբ կենտրոնական վերահսկողության իրականացումն է։
Բազմիցս նշվել է, թե ինչքան կարևոր է ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկումը, այսինքն, որ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից, անկախ իրենց աշխատավայրից իմանան ազդարարման համակարգի, ազդարարման հնարավորության մասին։ Այս մասին ասաց «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի հաղորդակցման մասնագետ Ալիսա Չիլինգարյանը։
«Մենք սկսել ենք աշխատել ոչ միայն կայքերում՝ սովորական լուրերի տեսքով, այլ նաև անցել են սոցիալական մյուս ցանցեր։ Iravaban.net-ը այս պահին իրազեկման արշավ է իրականացնում ազդարարման համակարգի վերաբերյալ։ Iravaban.net-ի YouTube-ի, Tik Tok-ի, Instagram-ի, Facebook-ի և Telegram-ի ալիքներում և էջերում սկսել ենք տեղադրել ազդարարման վերաբերյալ reels-եր` մինչև մեկ րոպե տևողությամբ տեսանյութեր, որովհետև երիտասարդներն օգտվում են այդ տարբերակներից և սա հնարավորություն է տալիս ազդարարման համակարգի մասին իրենց ինֆորմացիա հասցնել»,-նշեց նա։
Ալիսա Չիլինգարյանի խոսքով՝ համակարգի վերաբերյալ մարդկանց հետաքրքրությունն ավելացել է։ Նա նշեց, որ հատկապես հետաքրքրություն է առաջացրել անանուն ազդարարման հնարավորության հետ կապված։
Միջոցառման ավարտին ներկաները ազդարարման համակարգի վերաբերյալ հարցեր ուղղեցին բանախոսներին, որոնց հիման վրա հավաքագրվեցին նաև մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները։
Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ մի շարք ՀՀ պետական մարմիններից, այդ թվում՝ Վարչապետի աշխատակազմից, Արդարադատության նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, Քննչական կոմիտեից, Հակակոռուպցիոն կոմիտեից, ՊԵԿ-ից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից,  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնից, Եվրոպայի խորհրդից, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատից, Փաստաբանական ակադեմիայից, մի շարք հասարակական կազմակերպություններից, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից աշակերտներ, ուսուցիչներ, ինչպես նաև ուսանողներ և ոլորտային փորձագետներ։
Վերադառնալ ցանկ