Դասընթաց ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ Վանաձոր քաղաքում

29.05.2024
Մայիսի 24-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ 10-րդ մարզային դասընթացը ազդարարման համակարգի բարելավման և հանրային իրազեկման բարձրացման նպատակով։ Դասընթացն իրականացվել է ազդարարման համապետական արշավի շրջանակներում։
Մինչ դասընթացի մեկնարկը արշավի ՀՀ արդարադատության նախարարության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները ողջունեցին Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի մասնակիցներին՝ դասընթացի նկատմամբ հետաքրքրության համար։
Մասնակիցներին ներկայացվեց ազդարարման համակարգի ներդրման նախապատմությունը, ունեցած արդյունքները, վեր հանված խնդիրները, որոնք ըստ էության հիմք են հանդիսացել այս համապետական արշավի մեկնարկի համար։ Ներկայացվեց նաև ազդարարման համակարգի ընդհանուր նպատակը, համակարգի վերաբերյալ շուրջ հանրության ընկալման փոփոխման անհրաժեշտությունը և ուղղությունները։
Այնուհետև մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ՀՀ-ում գործող azdararir.am ազդարարման միասնական հարթակին, դրա գործարկման կանոններին, գաղտնիության և անանունության պահպանման մեխանիզմներին՝ տեսական և գործնական գործիքների միջոցով։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները նաև քննարկեցին իրավիճակային խնդիրներ, բարձրաձայնեցին օրենսդրական և պրակտիկ խնդիրներ համակարգի վերաբերյալ, որոնք հետագա բարեփոխումների և կարգավորումների մշակման ընթացքում հաշվի կառնվեն։
Հիշեցնենք, որ դասընթացները իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության հետ համատեղ ջանքերով:
Արշավի շրջանակներում իրականացվող մարզային դասընթացների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Համապետական արշավի շրջանակում համանման կրթական և իրազեկման միջոցառումներ իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով քաղաքացիական և համայնքային ծառայողների, և այլ ներկայացուցիչների: Ամփոփելով, նշենք, որ արշավի շրջանակներում ազդարարման համակարգի բարելավման և համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման ուսուցումներ անցկացվել են ՀՀ տաս մարզերի հետևյալ քաղաքներում՝ Սևան, Եղեգնաձոր, Գորիս, Արմավիր, Հրազդան, Արարատ, Գյումրի, Աշտարակ, Իջևան և Վանաձոր։ Վերջին՝ ամփոփիչ դասընթացը տեղի է ունենալու մայիսի 31-ին Երևանում, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների համար։
Սույն հոդվածը պատրաստվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրամիության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների բարեփոխումների տարածաշրջանային հիմնադրամ ծրագրի` Կառավարման առաջընթացի խորհուրդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/ GIZ) կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
 
Վերադառնալ ցանկ